Դուալ կրթության համակարգի գերմանական փորձը ներդրվում է ԵԻՊՔ-ում | 19-10-2018 13:11 | կարդացել են: 3767 |

Հոկտեմբերի 18-ին Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ էին այցելել Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարի տեղակալ Արիանե Հիլդեբրանդտը, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, ԳՄՀԸ (GIZ) Կորպորատիվ զարգացման վարչության պետ Էլկե Զիհլը և ԳՄՀԸ  հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմպան: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ «Ռոբոտաշինություն» և «Արևային էներգիայի համակարգերի շահագործում և սպասարկում» նոր մասնագիտացումների գծով դուալ համակարգի պիլոտային ծրագրի ընթացքին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը և դուալ համակարգի ներդրմանը ներգրավված Ինսթիգեյթ Ռոբոտիքս և Ֆրիներջի ընկերությունների ներկայացուցիչները:

Քոլեջի տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը ողջունեց հյուրերին և ներկայացրեց ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները: Հանդիպման մասնակիցները կատարած շրջայցի ընթացքում ծանոթացան ծրագրի իրականացման համար քոլեջում առկա անհրաժեշտ տեխնիկական հնարավորություններին, ինչպես նաև ներկա գտնվեցին ուսանողների պատրաստած ռոբոտների ցուցադրությանը:

Հանդիպման վերջում կայացած մտքերի փոխանակության ժամանակ հյուրերը արտահայտեցին իրենց գոհունակությունը իրականացվող աշխատանքների վերաբերյալ և պատրաստակամություն հայտնեցին կիսվել դուալ համակարգի գերմանական հարուստ փորձով, ինչպես նաև աջակցել հայ գործընկերներին ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման հարցում:

Դուալ համակարգի ներդրումը ենթադրում է ուսումնական գործընթացին զուգահեռ աշխատանքի վրա հիմնված ուսուցում գործատուի մոտ, որի ընթացքում ուսանողը հնարավորություն է ունենում գործնականում կիրառել քոլեջում ձեռք բերած տեսական գիտելիքները: Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում պիլոտավորվող այս համակարգը կնպաստի շրջանավարտների մասնագիտական կարողությունների ու հմտությունների զարգացմանը՝ ապահովելով նրանց մրցունակությունը աշխատաշուկայում:

      Մայիսի 12-ից 16-ը Երեւանի պետական ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողները այցելեցին Դոնի Ռոստովի կապի և ինֆորմատիկայի քոլեջ
      Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը, Softline international-ը եւ ԿՏԱ կենտրոնը հուշագիր են կնքել:
Վերև
  • Հետևեք մեզ սոց. ցանցերում